Շատերի կյանքում ամուսնությունը ամենահիշարժան իրադարձություններից է, սակայն ոչ բոլոր ամուսնություններն են ունենում երջանիկ ավարտ։ Այդ դեպքում ամուսինները, կամ ամուսիններից որևէ մեկը ամուսնալուծվելու որոշում է կայացնում։
Ամուսնալուծությունը կատարվում է քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում՝ ընտանեկան օրենսգրքով նախատեսված դեպքերում և օրենսդրությամբ սահմանված կարգով, ինչպես նաև դատական կարգով:
Ամուսնալուծությունը այն գործընթացներից մեկն է, որը հակված է ընթանալու բարդ ու չակնկալվող շրջադաձներով։ Այն պատճառները, որոնք դարձել են ամուսնալուծության հիմքը՝ վեճեր, կռիվներ, միմյանց չհասկանալը, կարող են արտահայտվել նաև դատական պրոցեսում, և դատարանը պետք է լուծի նման խնդիրները և ապահովի վարույթի հարթ ընթացքը։
Եթե ամուսինների միջև կա փոխհամաձայնության բացակայություն ապա, ըստ ընտանեկան օրենքսգրքի ամուսիններից մեկի դիմումի հիման վրա ամուսնալուծությունը կատարվում է քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում, եթե մյուս ամուսինը՝
ա) դատարանի կողմից ճանաչվել է անհայտ բացակայող.
բ) դատարանի կողմից ճանաչվել է անգործունակ.
գ) դատապարտվել է ազատազրկման` երեք տարուց ոչ պակաս ժամկետով:
Կարևոր է նշել նաև, որ ըստ ընտանեկան օրենսգրքի ամուսինը, առանց կնոջ համաձայնության, իրավունք չունի ամուսնալուծության դիմում ներկայացնելու կնոջ հղիության ընթացքում:
Այսպիսով, երբ ամուսնալուծությունը հաստատվում է, ամուսինների և դատարանի կողմից, գալիս է ժամանակը ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքի, կարողության, ինչպես նաև երեխաների խնամքը կիսելու խնդիրը։
Եթե ամուսինները չեն կարողանում բաժանել և կիսել վերը նշվածները, ապա դատարանն է հանձն առնում այդ գործը։
Երեխաների ալիմենտի հարցը
Ծնողների պարտքն է իրենց երեխաների մասին հոգ տանել, սա բոլորովին էլ գաղտնիք չէ, սակայն լինում են դեպքեր, երբ ծնողներից մեկը, կամ երկու ծնողներն էլ հրաժարվում են հոգալ իրենց երեխայի կամ երեխաների կարիքները։ Այս դեպքում դատարանը հանձն է առնում բռնագանձել ալիմենտ ծնողից կամ ծնողներից։
Այսպիսով, ըստ ընտանեկան օրենսգրքի երեխայի համար ալիմենտ վճարելու ծնողների մեջ համաձայնության բացակայության դեպքում, դատարանը բռնագանձում է ալիմենտ՝ ամենամսյա վճարումներ կատարելու միջոցով՝ հետևյալ պայմաններով՝
ա) մեկ երեխայի համար ծնողների վաստակի և (կամ) այլ եկամտի մեկ քառորդը.
բ) երկու երեխաների համար՝ մեկ երրորդը.
գ) երեք և ավելի երեխաների համար՝ կեսը։
Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների դեպքում ալիմենտը փոխանցվում է այն կազմակերպությանը, կամ խնամակալին, որը հոգ է տանում երեխայի մասին։ Այդ ալիմենտի 50 տոկոսը ուղվում է երեխայի ապրուստին և խնամքին, իսկ մնացած մասը փոխանցվում է բանկային հաշվին, որը հասանելի է դառնում երեխային իր չափահաս դառնալուց հետո։
Երբ երեխան դառնում է չափահաս, սակայն չի ունենում աշխատանք ծնողը կամ ծնողները կրկին պարտավորվում են հոգ տանել չափահաս երեխայի մասին՝ վճարելով նրան ալիմենտ։ Ըստ ընտանեկան օրենսգրքի՝ ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնության բացակայության դեպքում անաշխատունակ չափահաս զավակների համար ալիմենտի չափը` կայուն դրամական գումարով, որոշում է դատարանը: Դա ենթակա է վճարման յուրաքանչյուր ամիս` ելնելով կողմերի գույքային ու ընտանեկան դրությունից և ուշադրության արժանի շահերից։
Ամուսինների ալիմենտային պարտավորությունները
Ամուսինները ունեն պարտավորություններ ոչ միայն երեխայի հանդեպ, այլ նաև՝ միմյանց։ Ըստ ընտանեկան օրենսգրքի՝ նախկին ամուսնուց, որը նյութական բավարար միջոցներ ունի, դատական կարգով ալիմենտի պահանջի իրավունք ունի՝
ա) նախկին կինը՝ հղիության ընթացքում, ինչպես նաև ընդհանուր երեխային խնամող ամուսինը մինչև երեխայի երեք տարին լրանալը.
բ) անապահով նախկին ամուսինը, որը խնամում է մանկուց հաշմանդամ ընդհանուր երեխային կամ առաջին խմբի հաշմանդամ զավակին.
գ) անաշխատունակ անապահով նախկին ամուսինը, որը հաշմանդամ է դարձել մինչև ամուսնալուծվելը կամ ամուսնալուծվելուց հետո` մեկ տարվա ընթացքում.
դ) անապահով ամուսինը, որը կենսաթոշակային տարիքի է հասել ամուսնալուծության պահից սկսած հինգ տարում, եթե ամուսինները տասնհինգ և ավելի տարի գտնվել են ամուսնության մեջ։
Ամուսնալուծությունը ամենահաճելի իրադարձությունը չէ, սակայն ամուսիններից յուրաքանչյուրը պետք է հասկանան իրենց իրավունքներն ու պարտականությունները միմյանց և իրենց երեխայի կամ երեխաների հանդեպ։